Լևոն Տեր–Պետրոսյանը զգալով, որ իր քաղաքական երեխան հայտնվել է բավականին լուրջ իրավիճակում, փորձում է կրկին օգնության ձեռք մեկնել` նաև փորձելով ստվերել նախագահ Քոչարյանի հարցազրույցի այն մասը, որը վերաբերում էր Օնիկ Գասպարյանի` հնարավոր ռազմական հեղաշրջման սցենարին։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի երեկվա հայտարարությանը՝ գլխավոր շտաբի հայտարարության մասին։

«ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ  այն մարդը, որը ամենաշատը պետք է շնորհակալ լինի Քոչարյանին,  նախագահ Լևոն–Տեր Պետրոսյանն է։ Շնորհակալ պետք է լինի, որ այսօր առոք–փառոք տանը իր կեցավայրում նստած է, այլ ոչ թէ գտնվում է բերդում։ Նրա ժամանակ կազմաքանդվեց Հայաստանի արդյունաբերությունը։ Կարծում եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ամեն օր պետք է գնա եկեղեցի, մոմ վառի և խոնարհվի նախագահ Քոչարյանի առջև, հենց նրա համար, որ նա ազատության մեջ է։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խորհուրդ կտայի իրեն ընդհանրապես լռել»– ասաց Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ Տեր–Պետրոսյանը փորձում է մնալ քաղաքական դաշտում և ունենալ քաղաքական կշիռ։

«Բոլոր բաները, որ Լևոն Տեր–Պետրոսյանն անում է, որոշ չափով աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Նաև հող են նախապատրաստում Փաշինյանի հնարավոր հեռացման դեպքում այլ ուժեր ի հայտ բերելու համար, որոնց ինքը կսատարի»– ընդգծեց նա։