Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Սոցիալական աշխատողի օրվան եւ Արցախում սոցիալական համակարգի ստեղծման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել ոլորտի մի խումբ աշխատակիցների եւ հանդես եկել ելույթով: Իր խոսքում նա կարեւորել է սոցիալական ապահովության համակարգի նշանակությունը մեր պետության համար, նշելով, որ ոլորտի աշխատակիցները կատարում են բարդ ու պատասխանատու աշխատանք, ինչը անմիջական ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա:
Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:




























