Նախաքննությունն ավարտված է, ուղարկել են դատարան, շուտով երեւի դատավարությունը կլինի, կիմանանք ինչ է: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:
Հարցին, թե արդյոք ինքը իր կոչերում վտանգավոր բան տեսնում է, նա պատասխանեց. «Ես երբեք իմ ասածներն ու իմ կոչերը չեմ մեկնաբանում, դա իրավաբանների գործն է:
Արդեն գործը գնացել է դատարան, դրա համար հիմա այսօր ինչ էլ խոսեմ, չի մտնելու այդ գործի մեջ»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ մեղադրանքը համալրվել է. «Համալրման մեջ մտցրել էին մի որ դրվագ, որ ես ասել եմ՝ բանակը պետք է ցասում ցուցաբերի եւ չենթարկվի անօրինական որոշումներին: Դրա մեջ մեղադրանք տեսնո՞ւմ եք, բայց մտել է մեղադրանքի մեջ: Բնականաբար նպատակը քաղաքական դաշտից իր հակառակորդներին չեզոքացնելն է»:
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել նշելով. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին եւ 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»:











