Թուրքիան կարող է կանգնել Կահիրեի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների նոր էջ բացելու շեմին: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը՝ Եգիպտոսը անվանելով «արաբական աշխարհի ուղեղն ու սիրտը»:

«Մենք ուզում ենք համագործակցել Եգիպտոսի հետ Արեւելյան Միջերկրական ծովում, Լիբիայում եւ պաղեստինյան հարցում, որի մասին, կարծես, աշխարհը մոռացել է»,- պարզաբանել է Կալինը: «Եթե մենք կարողանանք կառուցողական երկկողմ քայլեր ձեռնարկել, դա կարող է օգնել կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:

Նրա խոսքով՝ երկխոսությունը կարող է նպաստել երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: «Սա վերաբերում է նաեւ Պարսից ծոցի երկրներին: Մենք չունենք անլուծելի խնդիր ոչ մի արաբական երկրի հետ»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է Եգիպտոսի հետ ծովային սահմանի սահմանազատման մասին համաձայնագիր կնքել՝ կախված երկկողմ հարաբերությունների վիճակից:

Շաբաթ օրը պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Եգիպտոսի որոշումը համարել է «Միջերկրական ծովում ստորջրյա հետազոտություններում Թուրքիայի մայրցամաքային դարակը հարգելու շատ կարեւոր իրադարձություն»: Նա հավելել է, որ Թուրքիան եւ Եգիպտոսը կիսում են պատմական, մշակութային եւ ընդհանուր արժեքներ։