Իշխանությունները բոլորին կերակրում են ստերով, որ տնտեսությունը սկսել է շնչել, նոր հնարավորություններ են բացվել. այսինքն Արցա՞խն էր խանգարում այդ հնարավորությունների համար: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Իրականում տնտեսությունը երբեք ավելի վատ վիճակում չի եղել գոնե վերջին 20 տարվա ընթացքում, քան այսօր է: Պաշտոնական տվյալներով ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում համարյա 8 տոկոսով ընկել է: ԿԲ-ն ինչքան էլ անմարդկային ջանքեր թափի, չի կարողանում կանխել դրամի արժեզրկումը: Ձեթն ու շաքարը 40 տոկոսից ավելի թանկացել են, կարագը 20 տոկոսից ավել է թանկացել:
2020 թվականին 36 հազար մահ ենք ունեցել, 10 հազարով ավելի, քան 2018-ին: Ծնունդները, հարսանիքները պակասել են, արտագաղթը փետրվարին անուղղակի հաշվարկներով 20 հազարն անցել է:
Արտաքին առեւտուրը շուրջ 10-15 տոկոսով կրճատվել է: Ձեզանից քանիսն է հայկական արտադրության հեռուստացույց, սառնարան կամ լվացքի մեքենա գնել, ձեզնից քանիսն է հայկական արտադրության գազաբալոն դրել, որ գործարանի լենտերը կտրում էր»,-ասաց նա:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, Խաչատրյանն ասաց. «Ուզում եմ տեսնել այն մարդուն, ով առավոտյան կնստի գնացք, Նախիջեւանով կիջնի Ադրբեջանի հարավ, կհասնի Սումգայիթ, Բաքու եւ կգնա մինչեւ Դերբենդ: Որեւէ մեկը կա՞ որ հավատում է, որ Հայաստանը դրանից կշահի: Զարմանալի չէ, որ միակ երկիրը, որ պաշտպանեց Նիկոլին, Թուրքիան է եղել, որովհետեւ այդ ծրագիրը միայն Թուրքիայի շահերից է բխում»:
Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունը հայտարարում էր, թե մինչեւ 2050 թվականը ՀՀ տնտեսությունը 15-20 անգամ աճելու է. «Աճե՞ց, բարեկեցությունը բարձրացա՞վ: Թվերին որ նայում ենք, նամուս ունեցող իշխանավորը կասեր, որ երկիրը հասել է տնտեսական կոլապսի»:





























