ԱՄՆ-ն եւ Իսրայելը ցանկանում են խուսափել Իրանի հարցով հանրային առճակատումից: Այս մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ բանագնաց Ռոբ Մելլին, հաղորդում է Axios-ը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրապարակավ դեմ է հանդես եկել 2013-2015թթ. Իրանի հետ համաձայնության հասնելու ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի փորձերին:
Մարտի 11-ին Իրանի հարցով բանակցությունների առաջին փուլ կանցկացնեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջգերատեսչական պատվիրակությունները:
Իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ ցանկանում են օգտագործել առաջին հանդիպումը, որպեսզի ներկայացնեն Իրանի միջուկային ծրագրի մասին վերջին հետախուզական տվյալները եւ գնահատեն՝ արդյոք համընկնում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզության ֆիքսած լուսանկարները:
Մելլիի խոսքով՝ Բայդենի վարչակազմը կողմ է Իսրայելի հետ խորհրդակցությունների անցկացման եւ թափանցիկության: «Մենք միշտ չէ, որ համաձայնության ենք գալիս, սակայն բանակցությունները շատ բաց են եւ դրական: Չնայած նրան, որ մենք տարբեր հայացքներ ունենք կապված նրա հետ, ինչ տեղի ունեցավ 2015-2016 թվականներին, մեզնից ոչ ոք չի ցանկանում կրկնել դա»,-ասել է նա:





























