Ադրբեջանը, ըստ ամենայնի, կստորագրի Nabucco-ի համաձայնագիրը վերապահումներով: Այդ մասին 1news.az-ին հայտնել է ԱՊՀ երկրների եւ էներգետիկ հարցերի փորձագետ Ալեքսանդր Ռարը` մեկնաբանելով տեղեկությունները, թե հոկտեմբերին Ադրբեջանը վերջնական պատասխան կտա տվյալ նախագծի վերաբերյալ:

Փորձագետի կարծիքով, Բաքվի դիրքորոշումը տվյալ հարցով հավասարակշռված կլինի, առանց շեղումների Բրյուսելի կամ Մոսկվայի կողմը: «Տվյալ դեպքում հետաքրքիր կլինի իմանալ Թուրքմենստանի դիրքորոշումը, արդյոք նա էներգառեսուրսներ կառաքի Ադրբեջանի տարածքով արեւմտյան շուկա, թե` ոչ: Թուրքմենստանը պետք է որոշի, թե ինչպես գազ առաքի Ադրբեջան»,- ասել է Ռարը:

Ռարը հոռետես է այն հարցում, թե ինչ գազ է առաքվելու Nabucco-ով: «Կրկնեմ, Ադրբեջանը չի կարող լինել միակ առաքիչը: Նա պարտավորություններ ունի Ռուսաստանի եւ Իրանի առջեւ: Կլինե՞ն այլ առաքիչներ: Իրանը բացառվում է քաղաքական պատճառներով: Թուրքմենստանն իր գազային խաղն է խաղում: Պետք է հետեւել, թե ինչ է կատարվում»,- ասել է Ռարը` հավելելով, որ թե իրերի նման դասավորության դեպքում մնում է Իրաքի գազը. «Սակայն այդ դեպքում Nabucco-ն կորցնում է այն, իմաստը, որ դրվում էր նրա մեջ»: