«Ռոսկոմնադզորը» պատրաստ է Twitter-ի հետ երկխոսությանը, սակայն ընկերության ներկայացուցիչներն առայժմ գերատեսչության հետ կապ չեն հաստատել, իսկ հարցումներին չեն պատասխանել, հայտարարել է էլեկտրոնային հաղորդակցության վերահսկման վարչության պետ Եվգենի Զայցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 10-ից «Ռոսկոմնադզորը» ՌԴ-ում Twitter-ի աշխատանքի արագությունը 100 տոկոսով նվազեցրել էր շարժական սարքերի եւ 50 տոկոսով՝ անշարժ սարքերի համար ու սպառնացել արգելափակմամբ, եթե համացանցային ծառայությունը չսկսի կատարել ռուսական օրենքների պահանջները: Գերատեսչությունն ուղարկել է ավելի քան 28 հազար նախնական եւ կրկնակի պահանջներ՝ հակաիրավական հղումները եւ հրապարակումները հեռացնելու մասին, որոնք այդպես էլ չեն կատարվել:

«Մենք երկխոսությանը պատրաստ ենք, ճանաչում ենք Twitter-ի բոլոր պատասխանատու անձանց, նրանք էլ մեզ են ճանաչում... պահանջներ կան կապված հակաիրավական կոնտենտի տարածման հետ: Նրանք ռուսական իշխանությունների օրինական պահանջներր չեն կատարել, որի պատճառով մենք ընդունել ենք օրենքով նախատեսված միջոցներ: Բայց մեր պահանջներն անպատասխան են մնում, ոչ ոք մեզ հետ կապ չի հաստատել, մեր հարցերին պատասխաններ չկան»,- ասել է Զայցեւը ՌԴ Հանրային պալատում ելույթ ունենալիս: «Ամեն դեպքում, նրանք կարող են իրենց բոլոր հակընդդեմ պահանջները վիճարկել ռուսական դատարանում, մենք ցանկացած երկխոսության պատրաստ ենք, միայն թե այն լինի»,- շեշտել է «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչը: