Բաքուն ցանկանում է, որ Եվրամիությունը մասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը: Այս մասին Turan-ի հետ հարցազրույցում ասել է Եվրամիության Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել բովանդակալից քննարկում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերականգնման գործում Եվրամիության մասնակցության հնարավորության շուրջ:
Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ն նախատեսո՞ւմ է արդյոք որեւէ նախագծի իրականացում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունների փոխհարաբերությունների վերականգնմանը, դիվանագետը նշել է. «Մենք այս ուղղությամբ՝ նման հարաբերությունների կարգավորման, աշխատել ենք երկար տարիներ: Պատերազմն ընդհատեց մեր աշխատանքը, բայց կարծում եմ հետագա ամիսներին եւ տարիներին մենք կվերականգնենք Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունների, քաղաքացիական հասարակությունների եւ շարքային մարդկանց միջեւ կամուրջների կառուցման գործունեությունը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ եւ ԵՄ փորձը հաշվի առնելով հնարավոր կլինի շատ բանի հասնել»:
Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը նա «շատ ոգեւորված» էր Ադրբեջանի ղեկավարի դիրքորոշմամբ: «Նա միանշանակ ասաց, որ աջակցում է այդ ջանքերին, եւ ես հավատում եմ, որ իշխանությունները դա ցանկանում են: Ես լավատես եմ եւ իսկապես կարծում եմ, որ դա՝ խաղաղության կառուցումը շատ կարեւոր խնդիր է»,- շեշտել է եվրոպացի դիվանագետը:
Հարցին՝ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Տոյվո Կլաարը պատասխանել է, որ Եվրամիությունը բազմամյա գործընկերային հարաբերություններ ունի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ, որոնք Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամներ են: «Մի քանի շաբաթ առաջ ես Երեւանում էի եւ այնտեղ քննարկել եմ, թե ինչպես կարող է օգնել Եվրամիությունը: Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում, որտեղ ես նույնպես քննարկել եմ դա, լսեցի միեւնույն բանը՝ ցանկություն, որ Եվրամիությունը օգնի հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում հակամարտությունների ժառանգության հաղթահարմանը: Մենք այստեղ ենք, քանի որ սա մեր գործընկերների որոշումն է: Մենք մեծ փորձ ունենք խնդիրների եւ հակամարտությունների լուծման, տարածաշրջանային համագործակցության հաստատման հարցում: Այս ամենն այժմ անհրաժեշտ է այստեղ, հետեւաբար Եվրամիությունը կարող է շատ բան անել, եւ մենք դրա վերաբերյալ առաջարկներ ենք լսում բոլոր կողմերից»,- ասել է դիվանագետը:
Մեկնաբանելով որոշ երկրների դիրքորոշումը, որ Կովկասը իրենց շահերի գոտին է, եւ այլ ուժեր այստեղ չպետք է լինեն, Կլաարը նշել է, որ համաձայն չէ հարցի նման դրվածքին, եւ դա ոչ մեկին օգուտ չի բերում: «Որքան ավելի շատ միջազգային ներգրավվածություն լինի Հարավային Կովկասում, որքան շատ տնտեսական աջակցություն լինի տարածաշրջանի երկրներին, այնքան լավ այս երկրների եւ նրանց հարեւանների համար: Մենք ցանկանում ենք խաղաղություն եւ բարգավաճում Կովկասում, եւ դա ձեռնտու է բոլորին»,- ընդգծել է Տոյվո Կլաարը:





























