Մարտի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ուրախ եմ ողջունել բոլորին Եվրասիական զարգացման հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի պորտֆելի համատեղ գնահատման աշխատանքների շրջանակներում։ Մեծապես կարեւորում եմ այս միջոցառումը մի շարք առումներով։ Նախեւառաջ, սա լրացուցիչ հնարավորություն է գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու եւ գործնական երկխոսության միջոցով ծրագրերն առավել համակարգված եւ արդյունավետ կերպով իրականացնելու հիմքեր ձեւավորելու համար։

2020 թվականին կորոնավիուսի համավարակի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով մեր երկիրը տնտեսական անկման շրջափուլ մտավ, եւ այդ իրողությունները նաեւ բացասաբար անդրադարձան ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության վրա։

Այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ընդունված արագ հակազդման քաղաքականության շրջանակներում Կառավարությունն ի թիվս այլ միջոցառումների եւ նպատակների, նաեւ հասցեագրել է կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության շեշտակի աճի ապահովումը՝ որպես տնտեսական ակտիվության վերականգնման կարեւորագույն երաշխիքներից մեկը։

Վստահ եմ՝ զարգացման գործընկերների հետ համատեղ ծրագրային պորտֆելների գնահատման գործընթացի իրականացումը լրացուցիչ երաշխիքներ է ձեւավորում ծրագրերի իրականացման արդյունավետության համար՝ որպես երկկողմ հանձնառության դրսեւորում։ Սա չափազանց կարեւոր է նաեւ երկրի ֆիսկալ կայունությունն ապահովելու, հանրային ներդրումային նոր նախաձեռնությունների ու ծրագրերի համար պոտենցիալ դաշտ ձեւավորելու համար։

Եվրասիական զարգացման հիմնադրամի հետ Հայաստանի ընդհանուր ակտիվ ծրագրային պորտֆելը մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է, հատկացումների մասով միջին կատարողականը՝ մոտ 68 %: Չնայած ծրագրերի ֆինանսական ծավալի ու քանակի առումով գործընկերության պորտֆելը մեծ չէ, սակայն Եվրասիական զարգացման հիմնադրամը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, եւ կարծում եմ, որ դեռ հնարավորություններ կլինեն գործընկերությունն առավել զարգացնելու համար։

Թույլ տվեք շատ չծավալվել, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանանք հատկացնել հենց ծրագրերի շուրջ քննարկումների համար։ Միջոցառման օրակարգը նախատեսում է, որ առաջին փուլով կքննարկենք արդեն իսկ իրականացվող 4 ծրագրերը՝ 3 վարկային եւ 1 դրամաշնորհային, իսկ երկրորդ փուլով՝ պլանավորված թվով 3 դրամաշնորհային ծրագրերը»:

Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի՝ տեսակապով անցկացվող գնահատման ժամանակ քննարկվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ներկայիս փուլի, Հայաստանում ոռոգման համակարգի արդիականացման, «Մաստարայի» ջրամբարի կառուցման, «Առողջապահության առաջնային ոլորտում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կատարելագործման» դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերին:

Առանձին քննարկման առարկա են դարձել նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը, ինչպես օրինակ՝ «կանաչ էներգիայի» զարգացումն ու հանրային շենքերում էներգախնայող մեխանիզմների ներդրումը, աշխատանքի էլեկտրոնային բիրժայի ստեղծումը, Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին պատրաստվածության մեծացումը՝ առաջացած սպառնալիքների հայտնաբերման եւ արձագանքման ուղղությամբ:

Տեսակոնֆերանսի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ արձանագրության եւ գործողությունների պլանի միջոցով շարունակել աշխատանքները ծրագրերի իրականացման եւ արդյունավետ կառավարման ուղղությամբ: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել Եվրասիական զարգացման հիմնադրամի ու գործընկեր երկրի միջեւ համագործակցության ռազմավարության մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Նախատեսվում է պորտֆելի գնահատումը պարբերական դարձնել, որպեսզի ծրագրերի կառավարումը հնարավորինս արդյունավետ դառնա, իսկ ընթացիկ խնդիրներն արագ լուծումներ ստանան: