Հունիսի 15-ը Հայաստանում գիտության խնդիրների բարձրաձայնման օր է հայտարարվել։ Այս կապակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրվել էր մամուլի ասուլիս:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ մեր գիտական արդյունքների կեսից ավելին միջազգային համագործակցությունների արդյունք են, առանց դրանց գիտության վիճակը Հայաստանում ավելի վատ կլիներ։ Նրա խոսքով, Հայաստանում գիտությանը հատկացվում է 23 մլն դոլար, մինչդեռ հարեւան Ադրբեջանում գիտությանը տրամադրվում է ավելի քան 114 մլն դոլար։
«Ադրբեջանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը շուրջ 5 անգամ ավելի է Հայաստանում գիտությանը տրված ֆինանսավորումից, սակայն UNESCO-ի վիճակագրության համաձայն, գիտական արդյունքներով Հայաստանն ունի 544 միավոր, իսկ Ադրբեջանը՝ 292 միավոր»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը։
Ըստ ԳԱԱ նախագահի, այս ամենը վկայում է այն մասին, որ գիտության մեռնելու մասին խոսակցությունները, մեղմ ասած, անտեղյակ մարդկանց խոսակցություն են կամ չարախոսություն:




























