Փարիզի շրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ծայրաստիճան լարված է, եւ իշխանությունները պատրաստ են նոր միջոցներ ձեռնարկել, ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում՝ նա չի հայտարարել շրջաններում պարետային ժամի կամ նոր կարանտինի խստացման մասին:

Չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին՝ նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը դեռեւս չի հայտարարել նոր ազգային կարանտինի մասին՝ փոխարենը նախընտրելով խստացնել տեղական միջոցառումները այնպիսի տուժած քաղաքներում, ինչպիսիք են Նիցցան եւ Դյունկերկը, բայց Փարիզը առայժմ խուսափել է նման ճակատագրից:

«Ես բոլորին, եւ հատկապես նրանց, ովքեր ապրում են մայրաքաղաքում, կոչ եմ անում լինել չափազանց զգույշ, դիմակներ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորությունը: Նպատակը հիվանդանոցային համակարգի վրա ճնշումը նվազեցնելն է»,- հիվանդանոց այցելության ժամանակ ասել է Կաստեքսը:

Ուրբաթ օրը կորոնավիրուսով մարդկանց թիվը վերակենդանացման բաժանմունքներում նոյեմբերի 26-ից առաջին անգամ գերազանցել է 4000-ը, ընդ որում՝ միայն Փարիզի շրջանում վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով մոտ 1100 պացիենտներ կան:

Փարիզում եւ հարակից տարածաշրջանում առողջապահության ոլորտի մասնագետները ասում են, որ վերակենդանացման բաժանմունքները մոտ են գերծանրաբեռնվածությանը:

Կաստեքսը հայտնել է, որ այս հանգստյան օրերին Փարիզի մերձակայքում գտնվող Իլ-դե-Ֆրանս շրջանում պատվաստումների արշավը կարագանա՝ 25 000 լրացուցիչ չափաբաժինների մատակարարմամբ:

Պատվաստումների ֆրանսիական ծրագիրը բարդացել է պատվաստանյութեր արտադրողների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, սակայն Կաստեքսը նշել է, որ քարոզարշավը արագանում է։ Ուրբաթ օրը 329 326 պատվաստում է կատարվել, ինչը նոր ռեկորդ է դարձել:

Ուրբաթ օրվա դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, 4,9 միլիոն մարդ՝ Ֆրանսիայի բնակչության 7,2 տոկոսը, ստացել է իր առաջին ներարկումը, իսկ 2,2 միլիոնը ստացել է երկուսն էլ: