ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը հանձնարարել է արտակարգ իրավիճակների գործակալությանը, որը սովորաբար արձագանքում է ջրհեղեղներին, փոթորիկներին եւ այլ խոշոր բնական աղետներին, օգնություն ցուցաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ժամանող միգրանտ երեխաների աճող թվի կապակցությամբ նրանց «ընդունելու, կացարան հատկացնելու եւ տեղափոխելու հարցերում», հաղորդում է Reuters-ը:

Այդ քայլն ահազանգում է աճող հումանիտար եւ քաղաքական ճգնաժամի մասին Ջո Բայդենի վարչախմբի համար: Երկրում ժամանող մարդկանց թվի ավելացումը տեղի է ունենում այն առնչությամբ, որ Բայդենը չեղարկել է որոշ սահմանափակումները, որոնք ընդունել էր երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Առանց ուղկեցողի անչափահասները, որոնք հատում են սահմանը, փոխանցվում են միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից մեկ ուրիշ դաշնային գործակալությանը՝ Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությանը: Սակայն առանց ծնողի կամ օրինական խնամակալի ժամանող երեխաների թիվը գերազանցել է կացարանում խնամքի հնարավորությունները, որը նախկինում կրճատվել եր 40 տոկոսով կորոնավիրուսի տարածումը կրճատելու համար:

Ազգային անվտանգության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ արտակարգ իրավիճակների գործակալությունը կարող է օգնել գտնել բոլոր հնարավոր տարբերակները համապատասխան կացարանի ֆիզիկական հնարավորություններն արագ ընդլայնելու համար:

Սահմանին միգրանտ երեխաները պետք է դուրս բերվեն սահմանային հսկողությունից 72 ժամում: Սակայն կացարանում սահմանափակ տեղերի պատճառով նրանք կարող են ավելի երկար ժամանակ անցկացնել այդ կենտրոններում:

Հինգշաբթի առավոտյան դրությամբ ավելի քան 3600 միգրանտ երեխաներ են պահվել ամերիկյան սահմանակետերում, հաղորդում է Reuters-ը՝ հավելելով, որ փետրվարի վերջում նրանց թիվն աճել է ավելի քան չորս անգամ: