«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը չափազանց հոռետեսական է տրամադրված Մինսկի խմբի գործունեության եւ Մադրիդյան սկզբունքների` որպես հակամարտության կարգավորման եղանակի հարցում: Իր կարծիքը Մանուչարյանը հայտնել է հունիսի 15-ի ասուլիսում:
Հարցին, թե կստորագրվի՞ արդյոք Կազանում Ղարաբաղի որեւէ փաստաթուղթ, քաղաքական գործիչը նման զարգացումը ֆանտաստիկ է որակել, սակայն ասել է, որ եթե հանդիպմանը նման փաստաթուղթ ստորագրվի, այն «վճռորոշ» պահ չի լինի գործընթացում: Ավելի շուտ, դա կլինի խաղաղ կարգավորման բարի նպատակների ձեւակերպում:
Այդ համատեսքտում Մանուչարյանը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները եւ իր ժողովրդին տված խոստումները` կամ ստանալ ամեն ինչ, կամ պատերազմ սկսել: Այժմ Ալիեւը ստիպված է դուրս գալ սեփական հայտարարությունների տակից, բայց դա միայն իր խնդիրը չէ: Ավելին, ըստ Մանուչարյանի, Հայաստանը դարձել է մի դաշտ, որտեղ խաղացողները (բնականաբար` արտաքին) հետապնդում են սեփական նպատակները:




























