«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) որոշել է աջակցել «Ռուս գրականություն եւ մշակույթ» էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի տպագրման ծրագրին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույցն անվճար կտրամադրվի Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցներին, ինչպես նաեւ ԲՈՒՀ-երին:
Ինտերակտիվ ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջինը ներառում է նյութեր ռուս գրականությունից, սկսած 19-րդ դարից մինչ այսօր, իսկ երկրորդը` մշակութայինը ներառում է Ռուսաստանի մշակութային զարգացման պատմությունը` հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը:
Նշենք, որ 2010թ-ի սկզբին որոշ քաղաքային եւ գյուղական կրթական հաստատություններ ստացել են ռուսաց լեզվի ինտերակտիվ ինքնուսույցներ: Երկու ծրագրերն էլ իրականացվում է «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կողմից` «ԱրմենՏելի» աջակցությամբ:



























