Գիտության հեղինակությունը Հայաստանում բավականին ընկած է, այս գործում կարեւոր դերակատարությունն ունեն նաեւ զանգվածային լրատվամիջոցները։ Այս մասին հունիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցները առնվազն 10 անգամ ավելի շատ են լուսաբանում սպորտը, քան գիտությունը, իսկ մարդիկ միմյանց արժեւորում են ոչ թե ինտելեկտով, այլ՝ փողով։

«Լուսաբանվում են ոչ միայն մրցաշարերը, այլեւ անգամ մարզումները, մինչդեռ գիտության վերաբերյալ  կարեւոր միջոցառումները ուղղակի դուրս են մնում լրատվամիջոցների ուշադրությունից»,-ասաց Ա.Միքայելյանը։ Նրա խոսքով՝ հաճախ լրատվամիջոցներն ընկնում են գիտության ոլորտում պայքարի եւ ինտրիգների հետեւից, իսկ գիտության կարեւոր գիտաժողովների ու պայմանագրերի մասին հիշատակումները չեն էլ հիշատակվում։

«Լրատվամիջոցները իրենց աշխատանքով կարող են աջակցել գիտության եւ գիտնականների հեղինակության բարձրացմանը՝ լուսաբանելով գիտության նվաճումներն ու կարեւոր իրադարձությունները»,-ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ սակայն, այս խնդրով ոչ միայն լրատվամիջոցները պետք է զբաղվեն, այլեւ իրենք` գիտնականները, սակայն ներկայումս բազմաթիվ գիտական հաստատությունների ընդամենը չնչին տոկոսը ունի իր լրատվական ծառայությունը: