Telegram-ը տեղադրել է 1 միլիարդ դոլարի հնգամյա փոխարկելի պարտատոմսեր՝ տարեկան 7% եկամտաբերությամբ, ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ֆինանսական շուկայի աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ տեղադրումը ոգեւորված հետաքրքրություն է առաջացրել ներդրողների շրջանում: Միայն որակավորված ներդրողները կարող էին գնել արժեթղթերը: Պարտատոմսերի գնման հայտերը ընկերությունը նախորդ շաբաթ էր հավաքել: Որպես կազմակերպիչներ հանդես են եկել ВТБ Капитал-ը եւ Атон-ը:

Արժեթղթերը տեղադրվել են թիրախավորելով խոշոր ներդրողներին՝ ընդունվել են 500 000 դոլարից սկսած հայտերը: Պարտատոմսերի տերերը Telegram-ի նախնական հրապարակային առաջարկի (IPO) դեպքում կկարողանան 10% զեղչով դրանք վերածել ընկերության բաժնետոմսերի:

Պավել Դուրովի Telegram-ի կողմից ավելի քան 1 միլիարդ դոլար գումարի փոխարկելի պարտատոմսեր տեղադրելու ծրագրի մասին հայտնի էր դարձել փետրվարին: Ներդրողների համար նյութերում նկարագրելով իր բիզնեսը՝ ընկերությունը մատնանշել էր ավելի քան յոթ տարվա ընթացքում տարեկան ավելի քան 40% աճը, եւ հիշեցրել, որ Telegram-ը 2021-ի հունվարին դարձել է ամենաշատ ներբեռնված ոչ խաղային բջջային հավելվածը (ըստ Sensor Tower-ի):

Telegram-ն իրեն ներկայացնում է որպես հարթակ, որն ունակ է գրավել բջջային գովազդի շուկայի զգալի մասնաբաժինը, որը գնահատվում է 200-400 միլիարդ դոլար: Ընկերությունը նշել է, որ մեսենջերի գովազդային տարածքի ծավալն ամսական 430 միլիարդ դիտումներ են Telegram-ալիքներում: Ի թիվս այլ տարբերակիչ հատկությունների, ընկերությունը մատնանշել է եկամտի լրացուցիչ աղբյուրների հավանական զարգացումը, որը կապված չէ գովազդի հետ, եւ բարձր արդյունավետությամբ աշխատանքը՝ մեկ օգտագործողի համար քիչ ծախսերով: