Վրաստանն «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում լավագույն արդյունքներն է ցուցաբերում։ Վրաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հունիսի 15-ին այս մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը։
«Մենք հետեւում ենք տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի արդյունքներին։ Սեպտեմբերին Վարշավայում գագաթաժողով կկայանա, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վրաստանն «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում լավագույն արդյունքներ է ցուցաբերում։ Հուսով ենք, որ նրան կգերազանցեն նաեւ մյուս երկրները, սակայն պետք է նշել, որ չափորոշիչները տարբերվում են, երբ հարցը վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին»,- հայտարարել է Բիլդտը, հայտնում է «Գրուզիա online»-ը։
Շվեդիայի արտգործնախարարը տարածաշրջանային այցի շրջանակներում եղել էր Երեւանում եւ Բաքվում, հանդիպել երկու երկրների պաշտոնատար անձանց հետ։
Նշենք, որ համաձայն Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ բանակցությունները կսկսվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին։




























