Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երեք ինստիտուտներ շահել են Եվրամիության գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի (FP7) դրամաշնորհները։ Ինստիտուտներից յուրաքանչյուրին կտրվի 500 հազ. եվրոյի չափով դրամաշնորհ։ Այս մասին հունիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դրամաշնորհները շահել են Հայաստանի ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը,  Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը եւ  Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը։  Վերոնշյալ հաստատությունները երեք տարվա ընթացքում հնարավորություն կունենան ինտեգրվել եվրոպական գիտական կառույցներին: «Սա հնարավորություն կտա մեր գիտնականներին եվրոպական գիտական կառույցների հետ համատեղ աշխատանքներ կատարել եւ նոր կապեր ստեղծել»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը։