«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հունիսի 15-ին ամերիկյան դոլարը արժեզրկվել է դրամի նկատմամբ:

Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375.85 դրամ, ընդ որում` փակման գինն ավելի նվազ է եղել:  Ընդհանուր առմամբ, այս շաբաթ դոլարը բորսայում համեմատաբար հանգիստ վարքագիծ ունի, եւ արժեւորման ճնշումներ չի ստեղծում:

Գործնականում` ֆոնդային բորսան որեւէ կերպ չարձագանքեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի այն հայտարարությանը, որ ԿԲ-ն թույլ չի տա դրամին` «շատ ուժեղանալ»: Սակայն հարկ է նշել, որ դրամի այսօրվա 0.07 տոկոս արժեւորումը ոչ մի կերպ այդ «շատի» մեջ չի տեղավորվում:

Նշենք նաեւ, որ ԿԲ նախագահը կարծիք էր հայտնել, որ ամառային ամիսներին դրամն ավելի հակված է արժեւորման:

Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 2.8 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բորսայական գործարքների ազդեցությամբ նվազել է կես դրամով` առքի առավելագույն փոխարժեքը ժամը 15:00-ից հետո 375 դրամ է, վաճառքը սկսում է 377 դրամից: