Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն:
Նա նշեց, որ դա դրսեւորվել է դիվանագիտական ներկայացուցչի մակարդակի բարձրացմամբ եւ ռեզիդենտ դեսպանի նշանակմամբ:
Անն Լինդեն հավաստիացրեց, որ տպավորված է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներով, հատկապես 2018 թվականից հետո: Սակայն, շարունակեց նա, վերջին շաբաթներին բոլորը տեսան, թե առաջընթացը որքան փխրուն կարող է լինել: Նա այս կապակցությամբ բոլոր կողմերին կոչ արեց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, հարգել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան:





























