2020 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը չի կայացել ռուսական կողմի մեղքով, նշված է երեքշաբթի հրապարակված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի 2020 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2020 թվականին ՆԱՏՕ-ն շարունակում էր հանձնառու մնալ Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակում երկխոսությանը՝ քննարկելու համար միջազգային անվտանգության, թափանցիկության եւ կանխատեսելիության ամրապնդման հարցերը: ՆԱՏՕ-ն փետրվարից բազմիցս Ռուսաստանին առաջարկել է այս ձեւաչափով հանդիպում անցկացնել, սակայն Մոսկվան պարբերաբար հրաժարվել է: Սա հանգեցրեց նրան, որ 2020 թվականին ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստն այդպես էլ տեղի չունեցավ»,- նշված է փաստաթղթում:
Նախօրեին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ուղղակի ռազմական սպառնալիքներ չի տեսնում, բայց դա համարում է Հյուսիսատլանտյան դաշինքի գոյության արժանիքը:
Նախկինում ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում համակցված մոտեցման օգտին, որը կհամադրի երկխոսությունը զսպման եւ դաշնակիցների անվտանգության ու պաշտպանության հոգածության հետ: Ընդ որում՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանը «պետք է հետեւի միջազգային օրենսդրությանը, ներառյալ հարգանքը բոլոր պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ»:
«Ռուսական սպառնալիքի» վերաբերյալ հայտարարություններ են պարբերաբար հնչում արեւմտյան քաղաքական գործիչների շուրթերից: Մոսկվայում բազմիցս շեշտել են, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի վրա: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ՆԱՏՕ-ում հրաշալի գիտեն, որ Մոսկվան որեւէ մեկի վրա հարձակվելու ծրագրեր չունի, պարզապես օգտվում են առիթից, որ ռուսական սահմանների մոտ ավելի շատ տեխնիկա ու գումարտակներ տեղակայեն: Մոսկվան քանիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի մեծացմամբ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Ռուսաստանին հակազդելու անհրաժեշտության մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները Արեւմուտքում ճգնաժամով են պայմանավորված եւ որպես հետեւանք՝ թշնամու որոնմամբ:
Չինաստանի ԱԳՆ-ից Ստոլտենբերգի հայտարարությունների հետ կապված ասել են, որ Չինաստանի վերելքի պատճառով իր ռազմավարական հայեցակարգի թարմացման ՆԱՏՕ-ի ծրագրերը սառը պատերազմի մտածողության դրսեւորում են, որը ժամանակակից աշխարհում հետագա զարգացման ճանապարհ չունի:





























