Հունաստանը եւ Թուրքիան սկսել են նախնական բանակցությունների հերթական փուլն Աթենքում՝ փորձելով ընդհանուր լեզու գտնել ծովային սահմանային վեճերի շուրջ մարտի վերջին Եվրամիության գագաթնաժողովին ընդառաջ, հաղորդում է Reuters-ը:

Նախնական բանակցությունները կոչված են հիմք դնելու պաշտոնական բանակցություններին, սակայն երկու երկրները մեծ առաջընթաց չեն գրանցել՝ չնայած 2002-ից ի վեր հանդիպումների ավելի քան 60 փուլին, եւ նույնիսկ չեն կարող պայմանավորվել, թե ինչ հարցեր քննարկել:

Հինգ տարվա դադարից հետո հունվարին պաշտոնյաները հանդիպել էին Միջերկրական ծովի արեւելքում ամիսներ տեւած լարվածությունից հետո: Դիվանագիտական ​​աղբյուրները հայտնել էին, որ երեքշաբթի Աթենքի կենտրոնական հյուրանոցներից մեկում վերսկսվել է բանակցությունների հերթական փուլը, սակայն հանդիպումների մանրամասները չեն հաղորդվում:

Աթենքը հայտարարել է, որ կքննարկի միայն Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան մասում բացառիկ տնտեսական գոտիների եւ մայրցամաքի սահմանազատման հարցը, այլ ոչ թե «ազգային ինքնիշխանության» հարցերը:

Անկարան, որը հույս ունի բարելավել իր հարաբերությունները Եվրամիության հետ, որը սատարել է ԵՄ անդամ Հունաստանին եւ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, ասել է, որ ցանկանում է, որպեսզի բոլոր հարցերը, այդ թվում՝  օդային տարածքը եւ Էգեյան կղզիները, քննարկվեն: Բանակցությունների ավարտը նախատեսված է չորեքշաբթի օրը:

Սպասվում է, որ եվրոպացի առաջնորդները կքննարկեն Արեւելյան Միջերկրածովը մարտի 25-26-ը կայանալիք հանդիպմանը: