Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը շուտով հումքի խնդիր կունենա, քանի որ Շիրակի մարզի գյուղերը ճակնդեղ գրեթե չեն մշակել: Այս մասին հայտարարել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ֆերմերները:

«Մի քանի հեկտար ունենք Ախուրյանում, Կառնուտում, բայց ցանքն այնքան քիչ է, որ գյուղացին  բերքը ոչ թե կհանձնի շաքարի գործարանին, այլ կօգտագործի որպես անասնակեր»,- ասել  է Շիրակի մարզային գյուղատնտեսության աջակցման կենտրոնի խորհրդատու Վասպուրական Մելիքյանը:

Ըստ ֆերմերների, թեեւ շաքարի գործարանի ղեկավարությունը բարձրացրեց ճակնդեղի մթերման գինը, այն հասցնելով 40 դրամի, դա էլ չօգնեց: Ըստ ֆերմերների, խնդիրը նաեւ այն է, որ գյուղացին չի վստահում գործարարներին: «Չպարարտացված հողից կստանան բերք, որը ճակնդեղի պարագայում  կունենա շաքարայնության ցածր  տոկոս եւ գործարանն այդ դեպքում կներկայացնի իր առարկությունները եւ  կսահմանի նոր գին»,-իր առարկությունն է ներկայացրել ախուրյանցի ֆերմեր Ատոմ Մաթեւոսյանը:

Նա նշել է նաեւ, թե խիստ կասկածում է, որ Շիրակի  մարզը երբեւէ կդառնա ճակնդեղագործության կենտրոն: «Նույնիսկ առաջարկվում է հարյուրավոր  հետարներով ճակնդեղ մշակել: Ասում են եկեք, պայմանագիր կապեք, 500 հա-ով, 300 հա-ով: Էդ ո՞վ է էդքան մշակողը:  Անգամ 100 հա մշակող չկա: Էդ  ռիսկայնությունը չունի գյուղացին, որ մշակի ճակնդեղ: Ֆինանսներ են պետք, բանվորներ, պարարտանյութ, որը չկա»,-ասել է ֆերմեր Ատոմ Մաթեւոսյանը` հավելելով, որ ինքն օրինակ ցորեն է ցանել: