ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ավարտել է աշխատանքային այցը Հայաստան:
Այցի ընթացքում Լինդեն կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ԵԱՀԿ սկզբունքներին համապատասխան խնդիրների լուծման հարցում առաջընթացի հասնելը` մասնավորապես շեշտելով միջազգային իրավունքի, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների պահպանման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Լինդեն շեշտել է նոյեմբերի 10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ կատարելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ձերբակալվածների մասով: Նա նաեւ ընդգծել է վստահության ամրապնդման եւ տեղերում միջազգային սուբյեկտների հասանելիության ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
«Որպես գործող նախագահ՝ ես լիովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահների եւ իմ անձնական ներկայացուցչի աշխատանքին՝ խաղաղությունն առաջ մղելու եւ համապարփակ ու կայուն կարգավորմանը նպաստելու նրանց ջանքերին: ԵԱՀԿ-ն եւ ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է կարեւոր դերակատարում ունենան չլուծված խնդիրները լուծելու եւ առաջ ընթանալու ուղիներ գտնելու հարցում»,- ասել Լինդեն:
Իր այցի ընթացքում Լինդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:





























