ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ՝ անվտանգության եւ տարածաշրջանային խաղաղության հետ կապված ընդհանուր մտահոգություններ առաջացնող խնդիրների լուծման ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք հանձնառու ենք աջակցել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը հասնելու համար, խրախուսել հաշտեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հանուն բարեկեցության եւ խաղաղ ապագայի»,- ասվում է Բայդենի՝ Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած շնորհավորանքում: Ուղերձի տեքստը հրապարակվել է հինգշաբթի Ադրբեջանի պետության ղեկավարի կայքում:

Ամերիկացի նախագահը շեշտել է նաեւ, որ իր վարչակազմը սատարում է Ադրբեջանի՝ տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանն ուղղված ջանքերին: «Միացյալ Նահանգները մտադիր են դիտարկել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները»,- ասվում է շնորհավորական ուղերձում: