Չինաստանի կառավարությունը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ից չինական երեք պետական հեռախոսային ընկերություններին վտարելու ջանքերը, փոխանցում է AP-ն:

Կապի հարցերով դաշնային հանձնաժողովը նախօրեին քվեարկել էր ԱՄՆ-ում չինական ընկերությունների լիցենզիաների կասեցման օգտին՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում:

Չինաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին մեղադրել է անվտանգության վերաբերյալ բողոքների չարաշահման մեջ՝ չինական կոմերցիոն մրցակիցներին վնաս հասցնելու համար:

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ազգային անվտանգության հայեցակարգի ընդհանրացման եւ տնտեսական հարցերի քաղաքականացման սխալ գործելակերպը եւ դադարի չարաշահել պետական իշխանությունը չինական ձեռնարկությունները չհիմնավորված ճնշելու համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

Նա նշել է, որ Պեկինը «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի չինական ձեռնարկությունների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության համար»:

ԱՄՆ վերջին միջոցառումներն ուղղված են China Unicom Ltd.-ի ստորաբաժանում China Unicom Americas-ի, Pacific Networks Corp.-ի եւ Pacific Networks-ի ստորաբաժանում ComNet (ԱՄՆ) LLC-ի դեմ: Դրանք միջազգային ձայնային կապի եւ տվյալների փոխանցման ծառայություններ են մատուցում: