Կուսակցությունում այս նոր իրավիճակը չենք քննարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Բայց ես մի քանի հարց ունեմ. Նախ ի՞նչ ընտրական օրենսգրքի, ինչ ընտրական ռեժիմի ներքո են անցկացվելու ընտրությունները: Երկրորդ, ի՞նչ ընտրական միջավայրում է դա լինելու, նկատի ունեմ ռազմական դրությունը, երրորդը, իր՝ ինչ կարգավիճակում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ժամանակին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի օրոք չեն ցանկանում մասնակցել որեւէ ընտրությունների, Աշոտյանն արձագանքեց. «Ես հավաստիացնում եմ, որ իմ նշած երեք հարցերի պատասխաններն ստանալուց հետո կուսակցությունը իր քաղաքական դիրքորոշումը ոչ միայն չի թաքցնի, այլ առաջիններից մեկը կասի: Ես չեմ հասկանում այս եռուզեռ հապճեպությունը, որով փորձում է եփվել այս թեման:
Ես հիմա էլ եմ ասում՝ ընտրությունների օրակարգը կեղծ է, որովհետեւ ՀՀ-ն ունի ոչ թե ընտրությունների կարիք, այլ իր վերքերն ամոքելու, իր նվտանգությունն ամրապնդելու, միջազգային ասպարեզում իր դիրքերը վերանվաճելու, տնտեսական կոլապսը կանխելու, սոցիալական վերքերը բուժելու կարիք»:





























