«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական դիրքորոշմամբ կամ ասուլիսով։ Այս մասին այսօր՝ մարտի 18–ին, NEWS.am-ին ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Այա պահին ՀՅԴ գրասենյակում ընթանում է ՀՅԴ ԳՄ նիստ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է. «Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: