Հայաստանում արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել վարչապետի հրաժարականի դեպքում՝ ԱԺ–ի կողմից նոր վարչապետ չընտրելու և իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվելուց հետո, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: Այս մասին ամրագրված է ՀՀ մայր օրենքում։
Այսպես. ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման կարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 92–րդ հոդվածում։ Ըստ այդմ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո՝ ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:
Սահմանադրության 149–րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Սահմանադրության 151–րդ հոդվածի համաձայն էլ, եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Գործող ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածում էլ ամրագրված է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը ամենաուշը ապրիլի վերջին պետք է հրաժարական ներկայացնի, իսկ Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում չընտրի նոր վարչապետ։
Փաստենք, որ մինչև այս պահը ՀՀ վարչապետը հրաժարական չի տվել, իսկ Ազգային Ժողովը չի արձակվել, փոխարենը՝ Փաշինյանը, խախտելով սահմանադրական հաջորդականությունը, հայտարարել է արտահերթ ընտրությունների անցկացման օրվա մասին, ինչն ըստ Սահմանադրության՝ վերապահված է ՀՀ նախագահին։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 18–ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ Հայաստանում արտահարերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ս/թ հունիսի 20-ին։





























