Մարտի 14-ին Ֆրանսիայի արեւմտյան Նանտ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ադրբեջանցի բլոգեր Մուհամմեդ Միրզալիի վրա: 27-ամյա Միրզալին դանակի 16 հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց: Սա առաջին հարձակումը չէ ադրբեջանցի փախստականների վրա: Մարտի 15-ին Եվրոպայում բնակվող քաղաքական էմիգրանտները ԵՄ իշխանություններին կոչ արել արձագանքել Բաքվի գործողություններին:

Ստրասբուրգում բնակվող ադրբեջանցի լրագրող Էմին Ախմեդբեկովը RFI-ին ասել է, որ վիրահատությունից հետո Միրզալիի վիճակը բարելավվել է, բայց նա դեռ երկար կվերականգնվի:

«Նրա առողջությունը բարելավվում է, բայց նրան դեռ թույլ չեն տալիս շփվել ո՛չ ընտանիքի, ո՛չ մամուլի հետ: Քանի որ նրան հասցվել են դանակի բազմաթիվ հարվածներ (ձեռքերը, պարանոցը, դեմքը, ոտքերը կտրվել են), ցավեր ունի: Նրա համար դժվար է շարժել մատները, քանի որ ձեռքերի ջլերը կտրել են: Նրան այժմ արյուն են փոխներարկում, քանի որ արյան մեծ կորուստ կար: Դուրս գրվելուց հետո նրան վերականգնման երկարատեւ գործընթաց է սպասվում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Միրզալիի դեմ մահափորձը անսպասելի չէր կամ պատահական չէր: «Սկսենք նրանից, որ 2020 թվականի հոկտեմբերին, երբ նա մեքենայով գնում էր աշխատանքի, անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել: Նրա վրա կրակել էին չորս անգամ, երեք փամփուշտ կպել էր մեքենային, իսկ մեկը՝ նրա ձեռքին: Դա 2020-ի հոկտեմբերի 6-ին էր: Եւ հիմա այս մահափորձը մարտի 14-ին՝ Նանտի կենտրոնում... Սա վերաբերում է ոչ միայն Մուհամմեդ Միրզալիին, այլ նաեւ Եվրոպայում շատ ակտիվ ընդդիմադիրների: Ադրբեջանում խոսքի ազատություն չկա, բոլոր ընդդիմադիր կայքերը արգելված են, արգելափակված են, չկա ոչ մի ազատ ինտերնետային հրատարակչություն, հեռուստատեսությունը խստորեն վերահսկվում է, ուստի բոլոր լրագրողները, բոլոր ընդդիմադիրները, բոլոր բլոգերները Եվրոպայում են: Եւ իշխանությունների համար դա շատ դժվար է, քանի որ նրանք շահագրգռված են լրագրողների, ընդդիմության ակտիվ անդամների, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում գտնվող իրավապաշտպանների ոչնչացմամբ»:

Սա հենց [Ադրբեջանի] իշխանություններն են իրականացնում իրենց տեռորը: Այստեղ՝ Եվրոպայում կա մարզիկների մի մեծ խումբ, ովքեր ապրում են Գերմանիայի Դյուսելդորֆ շրջանում, նրանց համար ակումբներ են վարձում, նրանք ամբողջ օրը այնտեղ են մարզվում, նրանց գործունեությունը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, նրանց համակարգողը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիեւն է: 2019-ին այս մարզիկները ծեծել էին քաղաքական էմիգրանտ Ռաուֆ Բաբաեւին, այնուհետեւ բլոգեր Գաբիլ Մամեդովի վրա վեց մարդ էր հարձակվել՝ անհայտ մարզիկներ Գերմանիայում: Սա մարդկանց հատուկ խումբ է՝ Եվրոպայում ադրբեջանական ընդդիմությանը սարսափեցնելու, վախեցնելու եւ ծեծելու համար։

Մի քանի տարի շարունակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում Ադրբեջանի իշխանություններից: Եվրոպացի քաղաքական գործիչները ահռելի կաշառքներ են ստանում: Ոչ ոք մեզ չէր հավատում: Երկար ժամանակ եվրոպական իրավապահ մարմինները լռում էին: Միայն 2017 թվականից հետո, երբ ԵԽ հանձնաժողովը հետաքննություն սկսեց, ադրբեջանական ընդդիմության գործունեության շնորհիվ բացահայտվեցին Եվրամիության քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց կաշառելու փաստերը:

Այսօր մենք խոսում ենք այն մասին, որ Եվրոպայում մեծ սպառնալիք է հայտնվել այդ խմբավորումների, բռնապետական ռեժիմների հետ կապված: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ գտնվում են Եվրամիության տարածքում, նրանք գտնվում են դեսպանատներում, Ադրբեջանի մշակութային բարեկամության տներում, որոնց տակ թաքնվում է Հեյդար Ալիեւի հիմնադրամը: Եվրախորհուրդը ունի պետական անվտանգության աշխատակիցներ, որոնք համակարգում են այդ զինյալների բոլոր գործողությունները: Այս մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Բայց [եվրոպական] իշխանությունները դեռ լռում են եւ այս ամենին լուրջ չեն վերաբերվում: Հուսով ենք, որ Մուհամմեդ Միրզալիի դեպքից հետո եվրոպական մամուլը կբարձրացնի այս հարցը: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները կզբաղվեն այս խմբով»: