WhatsApp մեսենջերի գաղտնիության քաղաքականության մեջ եւ օգտատիրական համաձայնագրում փոփոխությունները մեծացնում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից օգտատերերին հետեւելու, ինչպես նաեւ նրանց կարծիքը մանիպուլացնելու հավանականությունը, նշված է Դաշնային պետական միացյալ ձեռնարկության Գիտատեխնիկական կենտրոնի «Գլխավոր ռադիոհաճախականության կենտրոնի» հետազոտության մեջ:

WhatsApp-ը 2021 թվականի հունվարի 4-ին փոփոխություն է կատարել օգտագործման պայմանների եւ գաղտնիության քաղաքականության մեջ:

Փորձագետները հիշեցրել են, որ WhatsApp-ը, Facebook-ը եւ Instagram-ը ենթարկվում են ԱՄՆ օրենքներին, որտեղ ընկերությունները պարտավոր են հատուկ ծառայություններին համապատասխան հասանելիություն եւ վերծանման բանալիներ տրամադրել անգամ առանց օրենքով սահմանված հատուկ հիմնավորումների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նման լայն լիազորություններ եւ զգալի նյութատեխնիկական ռեսուրսներ ունենալով՝ ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են իրականացնել ոչ միայն իրենց քաղաքացիների, այլեւ ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերերի պետական տոտալ լրտեսում»,- նշում են հետազոտության հեղինակները:

Գաղտնիության նոր քաղաքականությունը նաեւ թույլ է տալիս մանիպուլացնել օգտատերերի կարծիքը: Հետազոտության մեջ պարզաբանվում է, որ այս իրավիճակում առանցքային վտանգն այն փաստն է, որ օպերատորը հնարավորություն է ստանում WhatsApp-ում օգտատիրոջ ակաունտները «սոսնձելու» Facebook-ում եւ Instagram-ում ակաունտներին, որը եւս պատկանում է Facebook-ին, ստեղծելով օգտատիրոջ եզակի պրոֆիլ՝ ահռելի քանակությամբ բնութագրերով, ինչը թույլ կտա արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառմամբ ոչ միայն հաշվարկել օգտատիրոջ վարքագիծը, այլեւ «նրան որոշակիորեն ծրագրավորել՝ հատուկ մատուցվող տեղեկություններով ազդելով օգտատիրոջ համար զգայուն «թրիգերների» վրա»:

Դրանից բացի, օգտատիրական համաձայնագրի նոր խմբագրման մեջ խոսքը Facebook ընկերության մեսենջերի օգտատերերի անձնական տվյալների փոխանցման մասին է: «Այսպես, 2014 թվականից սկսած՝ մեսենջերը օգտատերերի զգալի ծավալով տվյալներ է փոխանցում Facebook-ի ընկերություններին՝ օգտատիրոջ հեռախոսահամարը, գրառումների գրքից շփվող անձանց հեռախոսների համարները, հասցեները, հաղորդագրություններն ուղարկելու եւ կարդալու ժամանակը, օգտատիրոջ սարքի գտնվելու վայրն ու պարամետրերը եւ այլն»,- հիշեցնում են հետազոտության հեղինակները: