Ես հիմա հասկանում եմ, որ արտախոհրդարանական ուժերը կրկին փորձ են կատարելու ինչ-որ ռեսուրսներ օգտագործել։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Վստահեցնում եմ ձեզ, որ իրավապահ մարմինները կարող են եւ  կզբաղվեն այն գործունեությամբ, որ թույլ չեն տա փող բաժանելու ընդունված տրամաբանությունը, եւ այն հնարքները, որոնք օգտագործվել են նախկին 20 տարվա ընթացքում»,- ասաց նա։

Հարցին՝ այս ուժերի հետ իշխանության պայքարի շանսերն ինչպե՞ս կգնահատի, Ալեն Սիմոնյանն ասաց, որ բարձր է գնահատում. «Որովհետեւ ձեր նշած բոլոր ուժերն ընտրությունները կեղծիքով են անցկացրել, նույնիսկ իշխանություն լինելու պարագայում իրենք չեն կարողացել ընտրվել առանց կեղծիքներ անելու»։

Հարցին՝ արդյոք իշխանությունը հասցնելո՞ւ է նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալ, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ քննարկումներ են գնում. «Կարծում եմ, որ այդ քննարկումների մեջ պետք է լինեն խորհրդարանական ընդդիմության մեր գործընկերները»։

Հարցին՝ արդյոք ինքը կո՞ղմ է, որ ռեյտինգային համակարգը հանվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ռեյտինգային համակարգը ցանկալի է, որ չլինի, բայց ես պատրաստ եմ ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել»։

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ որոշվեց գնալ արտահերթ ընտրությունների, հաշվի առնելով, որ դրանից առաջ հայտարարվել էր որ ընտրություն անցկացնելու հանրային պահանջ չկա, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք չեն ասել, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա. «Ասել ենք, որ ընդդիմության ձեւավորած օրակարգը ճիշտ չէ, ըննդիմությունը նույնիսկ չէր ներկայացնում այդ պահանջը։ Իրենք ասում էին, որ Վազգեն Մանուկյանն է իրենց թեկնածուն եւ 1 տարի է պետք։ Պարոն Մարուքյանն ասում էր՝ այդ պայմաններում ոնց եք ընտրություններ անելու։ Իշխանությունը, փաստացի, միակ քաղաքական ուժն էր, որը բացահայտ հայտարարում էր եւ առաջարկում էր գնալ արտահերթ ընտրությունների»։

Հարցին՝ երկրի անվտանգության նկատառումներից ելնելով որքանո՞վ է նպատակահարմար այս պահին ընտրություններ անցկացնելը, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Հենց երկրի անվտանգության նկատառումներից ելնելով է այսօր պետք ընտրություններ անցկացնել, որովհետեւ երկիրը չի կարող անընդհատ ցնցումների մեջ գտնվել։ Ես չցանկանալով որեւէ մեկին վիրավորել, նվազեցնել որեւէ մեկի պայքարը, իրավունքը՝ իր ձայն բարձրացնելու, ես պետք է ասեմ, որ նույնիսկ այն փոքրաթիվ ակցիաները, որոնք տեղի են ունենում, վատ են ազդում Հայաստանի Հանրապետության վարքի վրա, տուրզմի վրա, տնտեսության վրա»։

Լրագրողի դիտարկմանը, որիԻշխող ուժի վարկանիշը նվազել է, Ալեն Սիմոնյաը չհերքեց. «Այո, բնականաբար, բայց ես կարող եմ ասել, որ քարոզարշավի ընթացքում մենք կփորձենք հետ բերել։ Ես վստահ եմ, որ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններում»։

Դիտարկմանը, որ կորոնավիրուսի թվերի աճին արդյոք չե՞ն նպաստի քարոզարշավները, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ նման խնդիր կա. «Բայց գոյություն ունեն հարցեր, որոնք շատ ավելի կարեւոր են, քան ձեր նշած խնդիրը։ Կարծում եմ՝ ընտրությունն այնուամենայնիվ անհրաժեշտ է, պետք է զգույշ լինենք»։

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայի փակ լինելուն եւ ընդդիմության գործողություններին՝ Սիմոնյանն ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում, շատ հետաքրքիր գործընթաց է։ Մենք հասկանում ենք, որ ընդդիմությունը ցանկություն ունի որեւիցե բախում հրահրել, դա իրենք չեն թաքցրել, դրա մասին բարձրաձայն խոսել են։ Այսօր, փաստացի, 17 ուժերը փակուղում են գտնվում։ Իրենք երազում են, որ Ոստիկանությունն ինչ-որ գործողություն անի եւ իրենք կարողանան իրենց դեմքը պահպանելով լքել այդ փողոցը։ Կարծում եմ, որ ի սկզբանե «Հայրենիքի փրկության շարժումը» դատապարված է եղել է անհաջողության, որովհետեւ իրենք դրա համար արել են գրեթե բոլոր հնարավոր բաները»։

Սիմոնյանը նշեց, որ մինչեւ ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիրների այն դիտարկումներին, որ Նիկոլ Փաշինյանը պետական մի կառույց գնալու համար բազմաթիվ ոստիկաններով է շրջապատված լինում, ինչպե՞ս է գնալու քարոզարշավի, Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ բոլոր ղեկավարները միշտ նույն անվտանգության կանոնների ներքո են գործել։ Մենք նաեւ ռազմական դրության մեջ ենք գտնվում, եւ վարչապետի անվտանգությունն առաջնային է։ Երբեւիցե դեպք չի եղել, որ ընդդիմության առաջնորդները կազմակերպված ձեւով խմբեր ուղարկեն բարձրաստիճան պաշտոնյաների տներ եւ ներխուժեն բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն։ Եթե փորձելու եք տպավորություն ստեղծել, որ վարչապետը խնդիր ունի մարդկանց հետ շփվելու, դա չի ստացվելու։ Գոյություն ունեն անվտանգության նորմեր, որոնք պահպանվելու են, որովհետեւ վարչապետի կյանքի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն»։