Լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ում օրերս սրճարանում հարվածել էր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, հրապարակել է ձայնագրություն, որով ապացուցում է, որ ինքը չի հայհոյել նախարարին սրճարանում:

Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվում, որ լրագրողը հայհոյել է նախարարին, ինչին հաջորդել է նախարարի նման վերաբերմունքը:

Ձայնագրությունում լսվում է, որ լրագրողը հարցնում է, թե ինչի է աշխատանքային ժամին նախարարը գտնվում սրճարանում, ինչին նախարարը պատասխանում է, որ գիշերներն է աշխատում, լրագրողն էլ նկատում է, որ գոյություն ունի աշխատանքային ժամեր:

«Դրանից հետո ես անջատում եմ հեռախոսը եւ բարձրանում վերեւ, այդ ընթացքում Հակոբ Արշակյանը իմ հետեւից գոռում է, որ այս օրը ես պետք  է լավ հիշեմ, ես էլ ասում եմ` կհիշեմ: Հետո նա բարձրանում է վերեւ, հարցնում է որտեղ է Փայլակը եւ հարձակվում է ինձ վրա: Այդ ընթացքում որեւէ հայհոյանք ու վիրավորական խոսք չի եղել»,-ասում է լրագրող Ֆահրադյանը:

Հիշեցնենք, որ օրերս Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը տեսել է, թե ինչպես է նախարարն աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում։ Լրագրողը մոտեցել եւ հարցրել է՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանն ասել է, թե գիշերային ժամերին է աշխատում. իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո նախարարը լրագրողին խնդրել է՝ անջատել տեսախցիկը, լրագրողն անջատել է, որից հետո նախարարը սկսել է սպառնալ նրան։ Այդ խոսակցությունից հետո լրագրողը բարձրացել է վերեւ եւ շարունակել իր աշխատանքը, Հակոբ Արշակյանն էլ նրա հետեւից բարձրացել է վերեւ եւ հարձակվել լրագրողի վրա:

Լրագրողը ցույց է տվել վնասված համակարգիչը եւ վնասված ձեռքը՝ նշելով. «Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել: Բացի դրանից Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետեւանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնսվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, եւ ներկայացնելու եմ ոստիկանություն: Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»։

Ժամեր անց «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:

Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թեւից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը:

Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակման մասին մամուլի հրապարակումները դատախազությունն ուղարկել է  ՀՔԾ։