Twitter-ն ընդունել է Թուրքիայի իշխանությունների պահանջը՝ Թուրքիայում տեղական ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ՝ սոցիալական ցանցերի մասին նոր օրենքի շրջանակում, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերին: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը, փոխանցում է Anadolu-ն:

«Հաճելի է տեսնել, որ Twitter-ը կատարելու է օրենքով իր պարտավորությունները՝ առանց համացանցային թրաֆիքի թողունակությունը կրճատելու պատժամիջոցների կիրառման»,- նշել է պաշտոնյան Twitter-ում:

Նա նշել է, որ Twitter-ի այս քայլից հետո չի մնացել ոչ մի սոցիալական ցանց, որը Թուրքիայում ներկայացուցիչ չի նշանակել, բացառությամբ Pinterest-ի:

Նրա խոսքով՝ երկրում սոցիալական ցանցերի ներկայացուցիչների ներկայությունը կարեւոր է քաղաքացիների իրավունքների ոտնահարումները բացառելու համար:

Ավելի վաղ Թուրքիան սոցիալական ցանցերին, որոնք օրական ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեն, պարտավորեցրել էր նշանակել երկրում տեղական ներկայացուցիչներ:

Ավելի վաղ տեղական ներկայացուցիչներ նշանակելու որոշում էին կայացրել Facebook-ը, VKontakte-ն (VK), YouTube-ը, TikTok-ը, LinkedIn-ը եւ Dailymotion-ը: