Տեխասի դաշնային դատարանը հայտարարել է, որ Apple Inc.-ը մոտ 308,5 միլիոն դոլար պետք է վճարի Personalized Media Communications LLC-ին` թվային իրավունքների կառավարման հետ կապված արտոնագրային իրավունքների խախտման համար, հայտնում է Reuters-ը:

Ուրբաթ օրվա վերջում ատենակալները Apple-ին պարտավորեցրել են PMC ընկերությանը փոխհատուցում վճարել, որը սովորաբար հիմնված է ապրանքի կամ ծառայության վաճառքի գումարի վրա:

Apple-ը հայտարարել է, որ հիասթափված է որոշումից եւ մտադիր է բողոքարկել այն:

«Նման գործերը հարուցվում են այն ընկերությունների կողմից, որոնք չեն արտադրում եւ չեն վաճառում որեւէ ապրանք, խեղդում են նորարարությունները եւ, ի վերջո, վնաս են հասցնում սպառողներին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

PMC արտոնագրային ընկերությունն առաջին անգամ Apple-ին դատի է տվել 2015 թ.-ին՝ մեղադրելով նրանում, որ տեխնոլոգիական հսկայի iTunes ծառայությունը խախտել է իր արտոնագրային իրավունքները յոթ արտադրանքների հետ կապված:

Apple ընկերությունը հաջողությամբ վիճարկել էր ընկերության գործը ԱՄՆ արտոնագրային գերատեսչությունում, սակայն անցած մարտին վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել որոշումը՝ ճանապարհ հարթելով դատական գործընթացների համար:

Տեխասի Շուգարլենդ քաղաքում ընկերությունը իրավունքների հետ կապված դատական հայց է ներկայացրել այնպիսի ընկերությունների դեմ, ինչպիսիք են Netflix Inc-ը, Alphabet Inc-ը, Google-ը եւ Amazon.com Inc-ը։