Ինտերպոլը Նիժնի Նովգորոդում հայտնաբերել է Հայաստանի երկու քաղաքացիների, ովքեր ապօրինաբար են ՌԴ քաղաքացիություն ստացել: Այս մասին այսօր` հունիսի 16-ին հայտնել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի Նիժնի Նովգորոդի մարզային մասնաճյուղի պետ Իգոր Մուսինը:
Նրա խոսքով, վերջին 4 ամսում Ինտերպոլի Նիժնի Նովգորոդի մարզային մասնաճյուղը 2628 փաստաթղթերի, 3778 ավտոմեքենաների եւ 67 կազմակերպությունների ստուգումներ է իրականացրել:
Այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ անձնագրային ռեժիմի խախտումներ են կատարել, ովքեր փորձել են բնակության իրավունք ձեռք բերել այդ մարզում:
Հայաստանի եւս 7 քաղաքացիների տրված բնակության ժամանակավոր թույլտվությունները չեղյալ են համարվել: Ինչպես նշել է Մուսինը, պարզվել է, որ անձնագրերը, որոնցով տվյալ քաղաքացիները փորձել են բնակության ժամանակավոր իրավունք ստանալ, Հայաստանում համարվում են կորած կամ գողացված:



























