2008-2010թթ. Հայաստանի պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառին հատկացված ֆինանսական ծավալները կազմել են ՀՆԱ-ի 0.19, 0.27 եւ 0.24 տոկոսը, ինչը զգալիորեն զիջում է զարգացած կամ զարգացող մի շարք երկրների ցուցանիշներին: Այս մասին նշված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված գիտության զարգացման 2011-15 թ.թ. ռազմավարական ծրագրում: Մասնավորապես, ըստ «Եվրոստատի» տվյալների, 2008թ. հետազոտությունների եւ մշակումների համախառն ներքին ծախսերը Եվրամիության 27 պետություններում միջինը կազմել են ՀՆԱ-ի 1.77 տոկոս, Բալթյան պետություններում` 0.6-1.3, Ռուսաստանի Դաշնությունում՝ 1, իսկ ամենաբարձրը եղել է Իսրայելում՝ 4.9 տոկոս:
Նշենք սակայն, որ Ադրբեջանում եւ Վրաստանում այդ ցուցանիշն ավելի ցածր է եղել, քան` Հայաստանում:
Միեւնույն ժամանակ, ի տարբերություն այլ երկրների, ՀՀ գիտության ոլորտի բյուջեի ներքին կառուցվածքում չնչին է տնտեսության մասնավոր հատվածի մասնակցությունը:
Հայաստանում գիտական սարքավորումների բացարձակ մեծամասնությունը հնացած է: Ըստ պաշտոնական տվյալների` գիտական սարքերի եւ սարքավորումների շուրջ 70 տոկոսը հնացած է՝ դրանք ավելի քան 5 տարվա վաղեմության են:




























