Պոլիտեխնիկում ռեկտոր չի նշանակվել եւ վերջ։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրված Գոռ Վարդանյանի ընտրությանը։

«Ռեկտորի որեւիցե նշանակում չկա։ Օրեր առաջ ինձ ասացին, որ ստացել ենք խորհրդի նախագահի կողմից փաստաթղթեր, որոնք կուսումնասիրվեն եւ սահմանված կարգով որոշում կկայացվի։ Այնտեղ որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ Հիմա չեմ ցանկանա այդ հարցերի մանրամասներին անդրադառնալ, որովհետեւ կան տարբեր կարծիքներ։ Ըստ մեր ներկայացուցիչների, որոնք ներկա են եղել խորհրդի նիստին կան խնդրահարույց հարցեր։ Աշխատակարգային կարգով բոլոր հարցերը կուսումնասիրվեն եւ խոստանում եմ, որ այդ ամենը լինելու է  լիովին թափանցիկ»,– ասաց նախարարը։

Վահրամ Դումանյանը համամիտ չէ այն տեսակետների հետ, թե Գոռ Վարդանյանը իշխանությունների «սրտով թեկնածու չէր». «Տվյալ պարագայում «իշխանության սրտով թեկնածու» արտահայտությունը կիրառելի չէ։ Կա գործընթաց, ինչը կլինի օրինական եւ կարգին համապատասխան՝ դա էլ կգրանցվի  որպես որոշում»։

Թե ինչ կարգավիճակով է Գոռ Վարդանյանը գնում պոլիտեխնիկական համալսարան՝ ԿԳՄՍ նախարարը չգիտի։

«Ես Գոռ Վարդանյանին չեմ ճանաչում եւ մյուս թեկնածուներին էլ անձամբ չեմ ճանաչում եւ չգիտեմ ով, ուր ինչ կարգավիճակով է գնում։ Չգիտեմ նաեւ, թե ով ում սանիկն է։ Եկեք անձնական հարաբերությունները չմեկնաբանենք»,– նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը մարտի 15–ին էր ընտրվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գոռ Վարդանյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի սանիկն է եւ իշխանություններին դուր չի եկել, որ նա կարող էր ընտրվել ռեկտոր։