Սոցցանցերում վիրավորանքի համար անհրաժեշտ է տուգանել 3 մլն դրամի չափով, իսկ զրպարտության համար՝ 6 մլն դրամի չափով: Այս մասին ԱԺ նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, նախաձեռնության հեղինակ Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում էին վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 5 մլն-ի, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն-ից մինչեւ 10 մլն դրամի:
Ավելի ուշ արդարադատության նախարարությունն ի դեմս փոխնախարար Վահե Դանիելյանի առաջարկեց մինչեւ 3 միլիոն դրամ սահմանել վիրավորանքի համար, մինչեւ 6 միլիոն՝ զրպարտության համար:
«Խորհրդակցելով իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ արդարադատության նախարարության հետ, մենք եզրակացրեցինք, որ հաշվի առնելով Հայաստանում գնաճը եւ ստեղծված իրավիճակը, անհրաժեշտ է իջեցնել շեմը»,-նշեց Սիմոնյանը:
Իր հերթին, Վահե Դանիելյանը նշեց, որ գերատեսչությունն առաջարկել է էլ ավելի շատ նվազեցնել տուգանքը: Այնուամենայնիվ, տվյալ առաջարկը չի ընդունվել:
«Կարծում ենք, որ դա միջամտություն է խոսքի ազատությանը: Հենց այդ պատճառով պետք է նախատեսված լինի համապատասխան պատասխանատվություն: Ինչպես կոչ են անում միջազգային կառույցները, այդ մեխանիզմը պետք է զուսպ կիրառվի»,-նշեց Դանիելյանը:
Ավելի վաղ նա առաջարկել է սահմանափակվել վիրավորանքի համար մինչեւ 2 մլն դրամ, եւ զրպարտության համար մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցման շեմով:





























