Որոշում է կայացվել մերժել VH music ՍՊԸ-ի տնօրեն Վահե Հարությունյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Մեր դիտարկմանը, թե ի՞նչ կերպ է այդ դեպքում մեկնաբանվում Սառա Քոնորի մասնակցությամբ Երեւանում այդպես էլ չկայացած համերգի տոմսերի գումարները չվերադարձնելու Հարությունյանի արարքը, եթե ոչ՝ հանցակազմի առկայություն, Մալխասյանն արձագանքեց. «Նախաքննական մարմինը եւ քննիչը տվել են իրենց կոնկրետ պարզաբանումները, դրանից ավելի ոչինչ ասել չեմ կարող»:
Իսկ VH music-ի տնօրենը գրավոր պարտավորություն ստանձնե՞լ է, որ կվերադարձնի բոլոր քաղաքացիների գումարները, հարցին Ա. Մալխասյանը կրկին արձագանքեց, որ ավելին ասել չի կարող:
Իսկ նախաքննական մարմնի որոշման մեջ ընդամենը նշված է.
«1. VH music ՍՊԸ տնօրեն Վահե Հարությունյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Որոշման մասին հայտնել Վ. Հարությունյանին և դիմումատու քաղաքացիներին, տրամադրել որոշման օրինակը եւ նրանց պարզաբանել իրենց իրավունքները:
3. Որոշման մեկ օրինակն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին»:
Նշենք, որ ապրիլի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնական բաժին VH music-ի տնօրեն Վահե Հարությունյանի կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ նախապատրաստական նյութեր էին ստացվել՝ հաշվի առնելով մի շարք քաղաքացիների դիմումներն առ այն, որ իրենք Սառա Քոնորի մասնակացությամբ երեւանյան համերգի տոմսեր են գնել, սակայն համերգը չկայանալու հետեւանքով այդ գումարներն իրենց չեն վերադարձվել։
Վահե Հարությունյանն ավելի վաղ մեզ տեղեկացրել էր, որ տոմսեր գնած քաղաքացիներին վերադարձվել է շուրջ 1 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարները կվերադարձվեն մինչեւ այս տարվա սեպտեմբեր։
Հիշեցնենք նաեւ, որ Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը հետաձգվել էր 3 անգամ: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, սակայն ի վերջո պարզվել էր, որ այն ընդհանրապես չի կայանալու:
Այսինքն առկա է ընդամենը Վահե Հարությունյանի բանավոր խոսոտւմը, որ կվերադարձնի քաղաքացիների գումարները:


























