«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թե հին, թե նոր Ընտրական օրենսգրքով պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Վերջին մշակված տարբերակից հետո քաղաքական քննարկում այս հարցի հետ կապված չենք ունեցել , բայց առկա դիրքորոշումն այն է, որ մենք այս հարցով որևէ բովանդակային քննարկման դաշտ իշխանության հետ չենք մտնելու։ Մենք, որպես կայացած քաղաքական ուժ, որևէ խնդիր չենք տեսնում ցանկացած օրենսգրքով ընտրություններին մասնակցելու մեջ։ Այսինքն՝ մեզ համար սկզբունքորեն միևնույնն է, թե որ Ընտրական օրենսգրքով՝ հին թե նոր, կգնանք ընտրությունների։ Կարևորն այն է, որ, օրինակ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների պատրվակով հերթական անգամ ընտրությունների օրը չտեղափոխվի, կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցնել Ընտրական օրենսգրքի չակերտավոր բարեփոխումների հետ»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Այդուհանդերձ, Իվետա Տոնոյանի կարծիքով՝ մինչև ընտրություններն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու իշխանությունների որոշումը նպատակահարմար չէ։

«Կա քաղաքական կոնսենսուս՝ ընտրությունների գնալու։ Երբ ընտրություններից երկու ամիս առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ են նախաձեռնվում, հասկանում ենք, որ խոսքը շարքային օրենսդրական նախաձեռնության մասին չէ։ Բավականին լուրջ և բովանդակային աշխատանքի դաշտ է ստեղծված այս օրենքի մասով, որ կոնկրետ ժամկետներում հնարավոր է կամ ունենալ թերի ընտրական օրենսգիրք, կամ ծածկադմփոցի պայմաններում իրականացնել այն կետերը, որ իշխանությունների քիմքին են հաճո»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Հարցին, թե ով է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն, Իվետա Տոնոյանը վստահություն  հայտնեց, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը․ «Սա իմ անձնական կարծիքն է, որն իմ թիմակիցները կարծում եմ՝ կկիսեն»։

Իվետա Տոնոյանը հայտնեց, որ նախքան Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը Գագիկ Ծառուկյանը ստեղծված իրավիճակը քննարկել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ։

Հարցին, թե արտահերթ ընտրություններին մասնակցությունը կարո՞ղ է նշանակել, որ «Բարգավաճ Հայաստանը» այլևս չի մասնակցի փողոցային պայքարին, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ մեկը մյուսին չի խանգարում, եթե ամեն ինչ ընթանում է սահմանադրական ճանապարհով․ «Գործընթացները կարող են զուգահեռ շարունակվել ՝առանց իրար հակասելու»։

Իվետա Տոնոյանի խոսքով՝ անընդունելի է իշխանության որոշ ներկայացուցիչների որդեգրած գործելաոճը կոնկրետ լրատվամիջոցների և որոշ դեպքերում կոնկրետ լրագրողների նկատմամբ։

«Նմանատիպ երևույթները մեր երկրում պետք է որ տեղի չունենային, սկսած նրանից, որ մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանն է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, և բացի դրանից՝ «Իմ քայլը» խմբակցությունում լրագրողական հանրույթի բազմաթիվ ներկայացուցիչներ կան։ Լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում. երբ այս կամ այն լրատվամիջոցի լրագրողի նկատմամբ տեղի է ունենում բռնության դրսևորում, օրինակ՝ ընդդիմության ինչ-որ հավաքի ժամանակ, իշխանությունն իր ամբողջ կազմով, լրատվամիջոցներով լծվում է այդ գործընթացը դատապարտելուն, իսկ երբ մեկ այլ լրատվամիջոցի նկատմամբ է բռնություն գործադրվում իրենց իշխանության ներկայացուցչի կողմից, քար լռություն է։ Նմանատիպ գործընթացները տեղ պետք է չունենան Հայաստանում։ Ֆիզիկական բռնության գործադրումը նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից տրամաբանության սահմաններից դուրս է»,- ավելացրեց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա։

Ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա. հրապարակվել են կադրեր