Ադրբեջանը հայտարարել է, որ շուրջ 300 հայ միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Ակնկալվում էր, որ մի քանի ամսվա ընթացքում Հայաստանի դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հետախուզում հայտարարելու համար: Այս մասին մարտի 23-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Սակայն, պատգամավորի խոսքով, այս ուղղությամբ այդպես էլ ոչինչ չի արվել: «Ես կարծում էի, որ առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարը պետք է արդեն միջազգային հետախուզման մեջ գտնվեր, բայց փոխարենը դատախազության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք Արարատի մարզում ձկնաբուծության ոլորտում խախտումների, Լոռու եւ Տավուշի մարզերում անտառահատումների դեպքերի մասին»,- բողոքեց պատգամավորը:
Ընդ որում, նա նշեց, որ դատախազությունը քրեական գործ է հարուցում եւ որոշման մեջ գրում է, որ գործը հարուցվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային կոնվենցիաների խախտման համար մարդկության դեմ կատարված հանցագործությունների փաստերի կապակցությամբ, սակայն մեղադրանք է առաջադրվում եւ քրեական գործ է հարուցվում Ադրբեջանի ֆուտբոլային ակումբներից մեկի մեկնաբանի նկատմամբ: Պատգամավորը դա ծաղր անվանեց՝ շեշտելով, որ ժամանակն է, որպեսզի դատախազությունը սթափվի:











