Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր` հունիսի 16-ին հաստատեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագիրը:

Ներդրումների ընդհանուր ծավալը 2011 թ. կկազմի 18.1 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար):

ՀԷՑ ներդրումային ծրագիրն ունի 6 ուղղություն, որոնցից ամենածավալուններից են` էլեկտրամատակարարման անջատումների չափի միջին տեւողության կրճատումը` (7.3 մլրդ դրամ), լարվածության շեղումների միջին տեւողության եւ հաճախականության կրճատումը` (655 մլն դրամ), նոր բաժանորդների ընդգրկման հատուկ ծրագրերը` (7.3 մլրդ դրամ): Ընկերութւյունն այս տարի կիրականացնի մոտ 40 հազ. էլեկտրական հաշվիչների փոխարինում: Միաժամանակ, էլեկտրամատակարարման եւ օգտագործման կանոններում փոփոխություններ կատարելով, 2012թ. հունվարի 1-ից կկրճատվեն սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումները, կգործեն դրանց իրականացման տարեկան սահմանափակումները եւ մատակարարի կողմից նշված ցուցանիշների խախտման դեպքում կմեծանա սպառողներին վճարվող տույժի չափը:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ անձնական հսկողության տակ կվերցնի էներգամատակարարման նախատեսված ծավալների ապահովման գործընթացը, իսկ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը կենթարկվի պատասխանատվության: