«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կորիզը հիմնականում կազմելու է այսօրվա մեր խմբակցությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես հպարտ եմ իմ գործընկերներով, որովհետեւ մենք իրար հետ կարճ ժամանակահատվածում անցանք ծանր փորձությունների միջոցով, եւ մասնագիտական առումով Վլադիմիր Վարդանյանի, Բաբկեն Թունյանի, Արտակ Մանուկյանի, Գեւորգ Պապոյանի, Հերիքնազ Տիգրանյանի պես մարդիկ կան մեր ԱԺ–ում»,– նշեց նա։
Մեր դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության կազմում կան պատգամավորներ, որոնք երեք տարվա ընթացքում հայտարարություններով աչքի չեն ընկել, օրենսդրական նախաձեռնությամբ երբեւէ հանդես չեն եկել, ԱԺ փոխնախագահը հակադարձեց՝ ասելով, որ այդ մարդկանց մի մասն արդեն դուրս է եկել խմբակցությունից եւ այժմ որպես անկախ պատգամավոր է ներկայանում։
«Ո՛չ Սոֆյա Հովսեփյանը, ո՛չ Գոռ Գեւորգյանը, ո՛չ Վարդան Աթաբեկյանը իմ գնահատականով ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում չեն կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ։ Սոֆյա Հովսեփյանը միգուցե կարող է հպարտանալ որպես հանրային գործիչ իր աշխատանքով, բայց մնացածի պարագայում՝ ոչ։ Իսկ Թագուհի Թովմասյանը լավ լրագրող է եւ մեծագույն հարգանքով եմ նրան վերաբերվում։ Մենք ունենք պատգամավորներ, որոնք զբաղվում են գործունեությամբ, որը դահլիճում միգուցե չի երեւում։ Բոլոր խմբակցություններում նման մարդիկ եղել են եւ կլինեն։ Երբ ցուցակը կկազմվի, ինչ–որ մարդիկ հնարավոր է գործադիրից գան ԱԺ, հնարավոր է, որ ԱԺ–ից գնան նաեւ գործադիր» ,– ասաց ԱԺ փոխնախագահը։
«Իմ քայլ»–ից արդեն հայտարարել են, որ առաջիկա արտահերթ ընտրություններին իշխող ուժը ներկայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքով եւ նա է հետագայում լինելու վարչապետի թեկնածուն։
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր հարցումներով Նիկոլ Փաշինյանը ամենացանկալի քաղաքական գործիչն է եւ երկրի ղեկավարը։ «Քաղաքացիական պայմանագիրը», որն արտացոլում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը՝ ունի նույն կարծիքը։ Ես յուրաքանչյուր այլ տարբերակ համարում եմ ծիծաղելի։ Ես գիտեմ Նիկոլ Փաշինյանի քայլերի դրդապատճառները, ես համարում եմ, որ նա ազնիվ է, արել է ամեն ինչ եւ նույնիսկ անհնարը, անում է եւ անելու է։ Ինձ համար այլ թեկնածու մեր շարքերում եւ ընդհանրապես այսօր գոյություն չունի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Պատերազմի եւ կրած պարտության վերաբերյալ դիտարկումներին, ԱԺ փոխնախագահն ասաց, թե պատերազմը ֆորս մաժոր է, եւ տպավորություն ունի, որ այն մարդիկ, որոնք ասում են, որ ներկայիս իշխանության օրոք պատերազմ է եղել, իրենք այդ պատերազմում հաղթելու էին կամ կարողանալու էին հետաձգել։
«Իրենք ինչքան կարողացել էին հետաձգել էին, եւ 2016 թվականին այդ լիմիտը սպառվել էր։ Ապրիլյան պատերազմը տեւեց չորս օր, բայց վերջին պատերազմն ապրիլյանի շարունակությունն էր։ Բանակցային պրոցեսները փակուղու մեջ էին, եւ դրա մասին դեռ 2018 թվականին Սերժ Սարգսյանն այս ամբիոնից հայտարարել է»,- ընդգծեց Սիմոնյանը։
Անդրադառնալով իշխանության՝ մարտի 1–ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ վարչական ռեսուրսով Հանրապետության հրապարակ մարդկանց բերելուն եւ Լոռու մարզպետի խորհրդականի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությանը, Ալեն Սիմոնյանը պնդեց, թե մարտի 1-ին կազմակերպած հանրահավաքի ժամանակ իշխանությունը որեւէ վարչական ռեսուրս չի կիրառել։
«Միգուցե կարելի է պետական ռեսուրս օգտագործել եւ մարդկանց մի կետից մյուս կետը տեղափոխես, բայց երբ իրենց տեղափոխում ես պետական ռեսուրսով, նրանք չեն դառնում քո միտինգի մի մասը, լույսեր չեն վառում միտինգի ընթացքում, չեն վանկարկում «Նիկոլ, վարչապետ»։ Օրինակ, 2008 թվականի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն օգտագործեց վարչական լծակներ եւ Հանրապետության հրապարակում հավաքեց բազմամարդ հանրահավաք, որը Հյուսիսային պողոտայով եկավ եւ միացավ Օպերայի մարդկանց։ Իսկ մենք երթ արեցինք, եւ այդ բազմամարդ հավաքը չգնաց եւ չմիացավ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց.... Փոխմարզպետի վերաբերյալ ձայնագրությունը խեղաթյուրված ու կոնտեքստից կտրված է, որն իրականության հետ կապ չունի։ Այո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հաշվին այն կուսակիցներին, որոնք դիմել են տեղափոխման հարցով, օգնել է տեղափոխվել Երեւան, որպեսզի նրանք մասնակցեն հավաքին, բայց որեւէ պետական ռեսուրս չի օգտագործվել։ Չեմ կարող ասել՝ նրանք պետական աշխատող էին, թե ոչ։ Անձամբ ինձ առնվազն տասը հոգի տարբեր մարզերից դիմել է, որպեսզի ես իրենց օգնեմ, որ իրենք կարողանան մարտի 1-ի հանրահավաքին գալ, եւ դա նորմալ է»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ փետրվարի 28–ին, Dejavu թելեգրամյան ալիքը ձայնագրություններ էր հրապարակել, որոնք վկայում էին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կազմակաերպած հանրահավաքին մարդաշատությունը ապահովվելու է վարչական ռեսուրսի կիրառման միջոցով: Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը ՔՊ-ական ներկայացած երիտասարդին հեռախոսազրույցի ընթացքում հավաստիացրել էր, որ «դպրոցներից նորմալ թիվ կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։











