Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` հունիսի 16-ին կայացել է Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը։

Խորհուրդը քննարկել է ԵԽ-ի` թրաֆիկինգի դեմ  պայքարի  ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) մշակած թրաֆիկինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկման  գնահատման հարցաշարի լրացման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը: GRETA-ի հարցերով պատասխանատու Վահրամ Կաժոյանը տեղեկացրել է, որ հարցաշարի պատասխանների նախագծերն արդեն մշակվել են եւ կներկայացվեն բոլոր շահագրգիռ մարմիններին ու կազմակերպություններին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը խորհրդին ներկայացրեց  «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրի համաձայն  մշակված թրաֆիկինգի ենթարկված անձանց նույնացման չափանիշների նախագիծը: Փաստաղթղթի  նպատակը թրաֆիկինգի զոհերի հայտնաբերման, նախնական նույնացման եւ աջակցության գործընթացի բարելավումն է: Տեղեկացվել է, որ չափանիշները մշակվել են ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարության  ու ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս կենտրոն» ծրագրի եւ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:

Քննարկել է նաեւ թրաֆիկինգի դեմ պայքարի նպատակով գործող թեժ գծերի միասնականացման հարցը: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ  Եգանյանը հայտնել է, որ հանրապետությունում այդ նպատակով գործում է երկու  թեժ գիծ: