Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն չեն կարող միայնակ դիմակայել Ռուսաստանից եկող մարտահրավերներին, ուստի նրանք պետք է միասին աշխատեն: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման երկրորդ օրվա բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ միասին կքննարկենք Ռուսաստանը: Մենք բոլորս նույն մարտահրավերներին ենք բախվում Ռուսաստանի կողմից: Մեզանից ոչ ոք չի կարող դա միայնակ անել, սակայն միասին մենք կարող ենք լրացնել միմյանց»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ում հանդիպմանը ժամանելուց անմիջապես հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել էր, որ մտադիր է դաշինքի գործընկերների հետ քննարկել արձագանքը Ռուսաստանի գործողություններին: Նրա խոսքով՝ հանդիպմանը, մասնավորապես, կքննարկվի Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ եւ հինգ սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարները երեքշաբթի եւ չորեքշաբթի Բրյուսելում անցկացնում են իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը՝ ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հիմնական թեմաներն են դաշինքի վերակազմավորման քննարկումները «ՆԱՏՕ -2030» հայեցակարգի շրջանակներում, որը պետք է կազմակերպությունը նախապատրաստի «ապագայի մարտահրավերներին», քննարկումները Աֆղանստանից զորքերի դուրսբերման խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ: