Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Պետերբուրգյան 15-րդ միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
Համաժողովն անցկացվում է ՌԴ նախագահի հովանավորությամբ, որին մասնակցելու են տարբեր երկրներից պետական եւ քաղաքական գործիչներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ, փորձագետներ, հասարակական գործիչներ` քննարկելու համար ողջ աշխարհի առջեւ ծառացած ամենահրատապ տնտեսական հարցերը:
Այս տարի համաժողովի երեք հիմնական թեմաները վերաբերում են համաշխարհային տնտեսական աճի ապահովմանը, տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարներին, Ռուսաստանում ստեղծագործական կապիտալի ձեւավորմանը:
Մասնավորպես` համաշխարհային տնտեսական աճի ապահովման համատեքստում քննարկումներ կծավալվեն ԱՊՀ զարգացման հեռանկարների,
էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովման, խոշոր քաղաքներին ուղղված մարտահրավերի եւ մի շարք այլ հարցերի շուրջ:
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ինչպես համաժողովի լիագումար նիստի, այնպես էլ թեմատիկ կլոր սեղանների աշխատանքներին:
Համաժողովին մասնակցելու են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոն, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն:




























