ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը «վտանգավոր հարեւան» է Եվրամիության համար, սակայն հաղորդակցության ուղիները պահպանել է պետք: Այս մասին Բորելն ասել է չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է քննարկենք հաղորդակցության ուղիները Ռուսաստանի հետ: Ռուսաստանը հարեւան է՝ վտանգավոր հարեւան: Սակայն մենք ՌԴ-ի հետ պետք է մի շարք հարցեր կիսենք, որոնց մասով ընդհանուր շահեր ունենք, օրինակ՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կամ կլիմայի փոփոխությունը: Սակայն միեւնույն ժամանակ մենք պետք է զսպենք եւ դիմակայենք Ռուսաստանին»,- ասել է նա:
Փետրվարի 4-6-ը Մոսկվա կատարած այցից հետո Բորելի տոնը կտրուկ բացասական էր դարձել Ռուսաստանի նկատմամբ: Բրյուսելում քաղաքական գործիչների, փորձագետների, եվրախորհրդարանականների մեծամասնությունը նրա այցը ձախողված է համարել՝ դիվանագետին մեղադրելով ոչ բավարար կոշտության մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին ասուլիսի ժամանակ:
Այցի արդյունքում Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը «բաց եւ ազնիվ» երկխոսություն են անցկացրել երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարից, կլիմայի գլոբալ փոփոխությունից եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների պլանից մինչեւ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները, Բրյուսելի կողմից աջակցությունն Ալեքսեյ Նավալնուն եւ չթույլատրված ցույցերին մասնակցած արեւմտյան դիվանագետների վտարումը Ռուսաստանից: Ընդ որում, հաջորդ օրը նա առանձին հայտարարություն էր տարածել, որում Մոսկվայում մամուլի ասուլիսի կազմակերպումը որպես «ագրեսիվ» էր որակել եւ նախազգուշացրել էր, որ ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:





























