Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի` կոմյունիկեի տեքստի շուրջ, քանի որ այնտեղ վիճելի ձեւակերպումներ են եղել: Դրանք հնարավոր չի եղել քննարկել ժամանակի սղության պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար, տեր Վահրամ քահանա Մելիքյանը` նկատելով, որ կոմյունիկեն չի ստորագրվել:

Մելիքյանի խոսքով, հայկական կողմի համար անընդունելի էին այն ձեւակերպումները, թե Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին ունի այն հարցերն ու խնդիրները, որոնք, իբր ունի նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանում: Հայկական պատվիրակությունը վիճարկել է այդ պնդումը, քանի որ վրացական համայնքն ու վրաց եկեղեցին երբեք խնդիրներ չեն ունեցելկարգավիճակ ստանալու հարցում, ավելին, ժամանակ հրաժարվել են կարգավիճակ ստանալուց:

«Բացի այդ, լրատվամիջոցներում շրջանառվող կոմյունիկեի տեքստը առաջ էր քաշվել վրացական կողմից` ՀԱԵ պատվիրակության քննարկման եւ հաստատման համար, սակայն ստորագրման արարողություն չի եղել: Մեզ համար նաեւ անհասկանալի է, թե ինչպես է այն դրվել շրջանառության մեջ, երբ չի վավերացվել որեւէ կողմից»,- նկատել է Մելիքյանը»:

Հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում վրացական եկեղեցիներ, Մելիքյանը պատասխանել է, թե Նորագավիթում կա եկեղեցի, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տրվել է վրացական համայնքին, որ սուրբ պատարագ մատուցվի եւ հոգեւոր կենտրոն ունենան:

Ինչ վերաբերում է Հայաստանի հյուսիսում գտնվող տաճարներին, որոնք, ըստ վրացական կողմի պնդման, վրացական են, Մելիքյանի խոսքով, այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Այդ կապակցությամբ Սուրբ Էջմիածինը հայտնել է իր դիրքորոշումը` նկատելով, որ վրացական կողմը չի հիմնավորել իր պահանջները:

Մելիքյանը դրական է գնահատել կաթողիկոսի այցը Վրաստան:

Նշենք, որ վրացական լրատվամիջոցները Գարեգին Բ-ի այցի ընթացքում տարածել էին իբր ստորագրված կոմյունիկեի տեքստը: